Բացակա ընկերների փոխարեն քվեարկած Աժ ՀՀԿ-ական պատգամավորներին առաջիկայում լուրջ տհաճություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունն արդեն ընթացք է տվել Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումին: ՀՔԾ-ից օրաթերթին հայտնել են, որ դիմումը ուսումնասիրվում է, իսկ քրեական գործ դեռևս չի հարուցվել:
Թորոսյանը պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀԿ-ականներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Ընդ որում, բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու դեպքերը նկարահանվել էին բազմաթիվ տեսախցիկներով:





