AM
16 Փետրվար 2012 - 14:33 AMT

Մայր Աթոռում նշել են Սրբոց Վարդանանց տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվել է Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանությունը, ճեմարանականները և բազում ուխտավորներ:

Արարողության ավարտին իր քարոզում պատարագիչ Սրբազանը հանգամանորեն անդրադարձել է սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին: «Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին», -նշել է Սրբազանն իր քարոզում:

Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից նաև շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության տոնի առիթով, որը նշվում է Ս. Վարդանանց զորավարաց հիշատակի օրը: