Հայաստանը շահագրգռված է նրանում, որպեսզի Ադրբեջանում պահպանվի որոշակի կայունություն: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: «Առանց այդ երկրում կայունության մենք չենք կարող խոսել Հարավային Կովկասի կայունության եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների նորմալ գործընթացի մասին»,- ասել է նա: Այս առումով Ռ. Շուգարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ավելի քիչ ցնցումներ եւ ստատուս քվոյի փոփոխություններ կլինեն: «Միայն այդ դեպքում կարելի կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացի հետագա ուղղությունների մասին»,- ասել է նա:





