Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները շարունակում են Քուրդ աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլա Օջալանի պաշտպանության օգտին նախօրեին սկսած հացադուլը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ՔԱԿ-ի կովկասյան ներկայացուցչության անդամ Դենիս Բարանը, բողոքի ակցիայում, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 5-ը, մասնակցում է 25 մարդ, որոնց թվում կան նաեւ կանայք: «Մեր պահանջներից մեկն է` Մարմարի ծովում գտնվող Իմրալի կղզի, որտեղ թուրքական իշխանությունները պահում են Օջալանին, ուղարկել միջազգային մասնագետների խումբ, որոնք ճիշտ տեղեկություններ կտան նրա առողջական վիճակի մասին»,- նշել է Դ.Բարանը: Հացադուլավորների մյուս պահանջն է` Թուրքիայի իշխանությունների կողմից իրաքյան քրդերի նկատմամբ գործադրվող բռնությունների դադարեցումը: «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեզ եւ դիմել այն միջոցներին, որոնք կիրառվում են մեր նկատմամբ: Մեր պարտիզաններն ընդունակ են դիմել ցանկացած քայլի»,- ընդգծել է Դ. Բարանը: Նշենք, որ ՔԱԿ-ի կոչով ողջ աշխարհի քրդերը մոտակա ամիսներին իրականացնելու են բողոքի ակցիաներ` վերը նշված պահանջներով:





