AM
2 Սեպտեմբեր 2003 - 18:14 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հայաստանի քաղաքացիները թող համոզված լինեն, որ նրանց հեռախոսային խոսակցությունները չեն լսվում»,- հայտարարել է այսօր «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը: Նշենք, որ երեկ, Հայաստանի կառավարությում հեռահաղորդակցական ոլորտի խնդիրներին նվիրված բաց ժողովի նիստին, բրիտանական WFI աուդիտորական ընկերության տեխնիկական մասնագետ Իան Բիբին, հայտարարել էր, որ «ԱրմենՏելի» թվային կայաններում արձանագրվում է ոչ միայն քաղաքացիների զանգերի տեւողությունը, այլ նաեւ ձայնագրվում են խոսակցությունները: Ի. Բիբին հայտարարել է նաեւ, որ այդ ձայնագրություններն անմիջապես չեն ոչնչացվում, այլ պահվում են մի քանի ամիս: Այս հարցի շուրջ երկարատեւ քննարկումից հետո «ԱրմենՏելի» ղեկավարը ստիպված էր խոստովանել, որ քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պահվում են մի քանի ամիս, որպեսզի «դատարաններն ու համապատասխան մարմինները կարողանան իրականացնել որոշ աշխատանքներ»: Այսօր նա ընդգծել է, որ գրառվում են միայն այն տվյալները, որոնք թույլ են տրված երկրի օրենսդրությամբ: Դրանք հեռախոսազանգերն են եւ հեռախոսահամարները, որոնք անհրաժեշտ են բիլինգ համակարգի, ինչպես նաեւ բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրման համար: Նրա խոսքերով` դա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է եւ կատարվում է օրենքի շրջանակներում, եւ դրա մասին տեղյակ է հանրապետության կառավարությունը, դատախազությունը: