AM
1 Սեպտեմբեր 2003 - 19:00 AMT

ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ, ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Օգոստոսի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկման ձախողման ողջ պատասխանատվությունը Հայաստանի պաշտպանության նախարարությունը դնում է ադրբեջանական կողմի վրա: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ դիտարկման ընթացքում իրոք կրակոց է արձակվել որսորդական հրացանից: Կրակողը եղել է սովորական որսորդ, իսկ կրակոցը հնչել է սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա, որից հետո ադրբեջանցիները կրակ են բացել: «Հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել, ինչը հաստատված է հետաքննությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականների կողմից», – ընդգծել է Մ. Հարությունյանը: «Ադրբեջանական կողմը միակողմանի կարգով խախտել է դիտարկման ընթացքում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունը», – հայտարարել է Հարությունյանը, ավելացնելով, որ մոտ ժամանակներս Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխան փաստաթուղթ կներկայացնի Ա.Կասպրշիկին: