AM
20 Փետրվար 2012 - 10:19 AMT

ԱԺ նախագահ. Կցանկանայի ԱՄՆ-ն ԼՂՀ հարցում նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը`Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ:

Սամվել Նիկոյանը նշել է հումանիտար ոլորտում ԱՄՆ-ն վերջին 20 տարում ունեցել է 1,8 մլրդ դոլար ներդրում, ինչն ըստ Սամվել Նիկոյանի էական նշանակություն է ունեցել ՀՀ անկախության ամրապնդման համար:

Խոսելով ԱՄՆ ներգրավվածության մասին ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես` ԼՂՀ հիմնախնդրի լուծման բանակցություններում ԱԺ նախագահն ասաց. «Ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»։

ԱԺ նախագահը ողջունել է նաև ԱՄՆ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերություններում: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռևս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում. «Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»: Ըստ նրա, մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարևանների հետ խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:

Ըստ Դեյվիդ Դրայերի, ԱՄՆ-ն միշտ էլ արժևորել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Նա տեղեկացրեց, որ իրենց խնդիրներից է քննարկել նաև, թե ինչպես խորացնել միջխորհրդարանական կապերը, աջակցությունը օրինաստեղծ աշխատանքներին:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, կենսունակ և հզոր պետություն, որում մեծ է խորհրդարանի դերը` որպես հասարակության բոլոր շերտերի հետ կապ հաստատողի»,- ասաց նա: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Դրայերը նշեց, որ տնտեսական ու առևտրական կապերի հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ճանապարհին:

Հադիպման ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին: