AM
8 Հունվար 2004 - 17:24 AMT

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «HALO TRUST» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ

Բրիտանական «The HALO Trust» մարդասիրական կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ հետհակամարտային գոտիներում, մտադիր է 2004 թվականին շարունակել իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղում` մինչեւ ականների եւ չպայթած ռազմամթերքի խնդրի լիակատար լուծումը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, 2003 թվականի ընթացքում այդ կազմակերպությունը Ղարաբաղի տարածքում գրանցել է ականների եւ ռազմամթերքի պայթելու 18 դեպք, որոնց արդյունքում տուժել է 21 մարդ, նրանցից 9-ը զոհվել են, 12-ը (այդ թվում երկու երեխա)` տարբեր աստիճանի ծանրության վնասվաքծներ են ստացել: Այն պատճառով, որ հակամարտության ընթացքում ականապատված հատվածների մեծամասնությունը չի գրանցվել եւ չի նշվել քարտեզի վրա, ականների ճշգրիտ թիվը եւ ականապատված հողատարածքների ընդհանուր մակերեսն անհայտ է մնում: 2000-ից մինչեւ 2003 թվականը կազմակերպության կողմից իրականացվել է կասկածելի 470 ականապատված հողատարածքի տեխնիկական հետազոտում: Շուրջ 4600 հեկտար գյուղատնտեսական եւ արդյունաբերական հողատարածություն մաքրվել է չպայթաց ռազմամթերքից: Աշխատանքների ընթացքում վնասազերծվել է 2200 հակահետեւակային եւ 1000 հակատանկային ական, 23000 չպայթած արկեր, փոքր տրամաչափի ռազմամթերքի ավելի քան 75000 միավոր: «The HALO Trust»-ի ներկայացուցիչները կարծում են, որ պահպանելով ականազերծման ներկա տեմպերը, կարելի կլինի 7 տարվա ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի տարածքի լիակատար ականազերծմանը: