Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հուսով է, որ հանրապետության հասարակայնությունը հանդուրժողականորեն կվերաբերվի ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար հայ զինծառայողների Բաքու ժամանմանը: «Լինելով շատ միջազգային կազմակերպությունների անդամ, Ադրբեջանը ստիպված է դառնալ տարբեր կարգի միջոցառումների ընդունող կողմ, որոնց, անկախ մեր կամքից, մասնակցում են նաեւ հայկական կողմի ներկայացուցիչները»,- ասել է նա լրագրողներին: Ընդսմին Գուլիեւը իր համոզմունքն է հայտնել, որ Ադրբեջանի հասարակայնությունը նման կարգի դեպքերին պետք է ըմբռնումով մոտենա, քանի որ այդ մասնակցությունը տեղի է ունենում ոչ Բաքվի հրավերով: Դիվանագետի խոսքերով` նման կարգի փաստերը չպետք է դիտարկվեն որպես Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման նշան, հայտնում է «Ինտերֆքս» գործակալությունը: Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովը, որին պետք է մասնակցեն նաեւ հայ զինվորականները, տեղի կունենա 2004 թվականի հունվարին: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» սպառնացել է «արմատական միջոցներ» ձեռնարկել Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ:





