2004 թ. մարտի 1-ից Հայաստանում կբարձրանան բնական գազի սակագները: Նման որոշում է այսօր ընդունել Բնական մենաշնորհների կարգավորման կոմիտեն` հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» ընկերության համապատասխան հայտը: Ընդ որում, սակագներն ավելանում են միայն այն սպառողների համար, որոնք օգտագործում են ամսական 10 հազար խմ-ից պակաս բնական գազ: Նրանց համար մեկ խմ գազի սակագինը 55 դրամից կդառնա 59 դրամ: 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործող ձեռնարկությունների համար սակագինը կմնա անփոփոխ` հազար խմ դիմաց 79,1 դոլար: Հիշեցնենք, որ Հայաստանում գազի բաշխիչ ցանցերի մենաշնորհատեր հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դեկտեմբերի 25-ին մերժում էր ստացել գազի սակագների բարձրացման առնչությամբ: Ընդսմին ընկերությանը հանձնարարվել է մինչեւ 2004 թ. հուլիսի 1-ը ներկայացնել Հայաստանի գազի ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնական բաժնետերերն են Հայաստանի էներգետիկայի նախարարությունը եւ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որոնց յուրաքանչյուրին պատկանում է արժեթղթերի 45 տոկոսը: Արժեթղթերի 10 տոկոսը պատկանում է «Իտեռա» ռուսական ընկերությանը:





