Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անթույլատրելի է անվանել Ադրբեջանի դիրքորոշումը` «արտահայտված Ադրբեջանի տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների մասնակցությունը մերժելու փորձերում»: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած փաստաթղթի` մի կողմից` Ադրբեջանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների հայտարարություններից հետեւում է, որ ադրբեջանական կողմը, պատրաստ է թույլ տալ հայ սպաներին մասնակցելու Բաքվում նախատեսվող ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող զորավարժության նախնական խորհրդաժողովին: Սակայն մյուս կողմից` «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ագիֆ Նագիի կողմից արված արտահայտությունները եւ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան կողմից հայ սպաներին մուտքի արտոնագրեր չտալը հանգեցնում է այն ենթադրության, որ ադրբեջանական կողմը, խախտելով ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի պահանջները, փորձում է մերժել հայ սպաների մասնակցությունը նախնական խորհրդաժողովին, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում: Փաստաթղթի հեղինակները վստահություն են հայտնում, որ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների համար Ադրբեջանի նման պահվածքն անընդունելի է եւ որ այդ երկրները հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին եւ կշարունակեն պարտադրել Ադրբեջանին թույլ տալ հայկական կողմին մասնակցելու խորհրդաժողովին: Ինչպես նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում, եթե հայկական կողմին չհաջողվի ստանալ մուտքի արտոնագրեր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատանը, ապա հայկական պատվիրակությունն իր ղեկավար` գնդապետ Մուրադ Իսախանյանի, փոխգնդապետ Ալբերտ Բաղդադյանի, կապիտան Արմեն Մարտիրոսյանի հետ մեկտեղ կփորձի մուտքի արտոնագրեր ստանալ Բաքվի օդանավակայանում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը գտնում է, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության կարելի է հասնել միայն փոխհամագործակցության ճանապարհով, ինչպես «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի, այնպես էլ երկկողմ համագործակցության շրջանակներում: Մինչդեռ, ինչպես նախօրեին Բաքվում հայտարարել են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները, «եթե հայ զինվորականները ժամանեն Բաքու, ապա ղարաբաղյան պատերազմի վետերանները կփորձեն նրանց պատանդ վերցնել»: Ակտիվիստների խոսքերով` իրենց չեն կարող խանգարել ոչ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները, եւ ոչ էլ ՆԱՏՕ-ի ուժերը:





