Մաշտոցի պուրակում կրապակների շինարարությունն ու ակտիվիստ-բնապահպանների ցույցերը շարունակվում են: Թեմայի շուրջ այսօր բանավիճել են Էկոլոգ Կարինե Դանիելյանը, բնապահպան-իրավաբան Մերի Խաչատրյանն ու ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
«Սա ամբողջ մի մեծ խնդրի մի մասնիկն է: Բոլոր երևանյան բակերում պատերազմ է գնում: Հայաստանը ի վերջո պետք է հասկանա, թե նչ ասել է հանրային շահ, քանի որ հանրային շահը մեր կանաչ տարածքի պահպանումն է: Մենք վերջին մի քանի տարում մեր ամբողջ կանաչ տարածության ուղիղ կեսը կորցրել ենք: Վերջին տարիների քաղաքաշինությունը, կառուցապատումը սպանեց Երևանը և՛ էկոլոգիապես, և՛ պատմամշակությաին առումով»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ 2 օրից Հանրային խորհուրդում ժողով են անելու, որպեսզի այս հարցին նոր լուծում տրվի. «Այս հարցով ես խնդիր ունեմ ոչ թե քաղաքապետի, այլ նրա մերձավոր շրջապատի հետ, քանի որ նրան այլընտրանքային տարբերակներ չեն առաջարկել: Ճապոնացիները եկել տեսել են, թե ինչքան խիտ է քաղաքը, և ասել են, որ սա հանգեցնում է սեյսմիկ նոր ռիսկերի»:
Լևոն Իգիթյանին Կարինե Դանիելյանի խոսքերն ամենևին չհուզեցին, ընդհակառակը. «Սա դասախոսություն է: Տարիներ շարունակ լսում եմ նույն տեքստը: Իսկ ճապոնացիները տեսե՞լ են, թե իրենց քաղաքաները որքան խիտ են»:
Ճարտարապետն առաջարկում է «այս փողոցային կռիվը դադարեցնել և հստակ տարբերակներով խոսել. «Սա շատ շահավետ տարբերակ է, քանի որ այդ կրպակները 2 տարի էլ այգում չեն մնա: Մենք շատ լավ գիտենք, որ սրանք սովորական ուսուցչուհու կրպակներ չէն, սրանց ետևում պաշտոնյաներ են կանգնած, որոնք ունեն սեփակնատիրական իրավունք»:
Հարցին՝ ինքը եղել է այգում, թե ոչ, Իգիթյանը պատասխանեց. «Էդ ինչ իմ տեղն է, որ ես գնամ, ես ինչ գործ ունեմ, սա ճարտարապետների խնդիրը չէ՝ քաղաքապետներինն է: Ես երևույթի մասին եմ խոսում»:
Բնապահպան-իրավաբան Մերի Խաչատրյանը բանավեճին ներկայացնում էր ակտիվիստների տեսակետը. «Սա արդար պահանջ է, առողջ միջավայր ունենալը սահմանադրական իրավունք է: Երբ Աբովյանի կրպակները տեղափոխեցին, մենք շատ ոգևորվեցինք և մեծ հույսեր կապեցինք ներկայիս քաղաքապետի հետ: Մեր պահանջն այն է, որ քաղաքապետը գա հանրային զրույցի, քննարկման, թեկուզ կրպակների սեփակնատերերն էլ ներկա լինեն: Կարող է կրպակատերերը իրենց կրպակները նվիրեն քաղաքին: Մեր պահանջն է ժամանակավոր կասեցրեք շինարարությունը՝ մինչև հանրային քննարկում և հեռացրեք ոստիկաններին»:
«Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել է, որ ըստ որոշ տեղեկությունների, հանրահայտ դարձած Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության ետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) և ԿՏ նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո): Ոչ Բեգլարյանից, ոչ Մադաթյանից երեկ այս լուրերի կապակցությամբ «Հայկական ժամանակին» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ: Մադաթյանը հրաժարվել է հարցին պատասխանել, իսկ Բեգլարյանը հեռախոսազանգերի չի պատասխանում: Ինչպես հայտնի է, թե Մադաթյանը, թե Բեգլարյանը սեփականություն ունեին Աբովյան փողոցում, իսկ Մաշտոցի պուրակում շինարարություն սկսելու ֆորմալ առիթը Աբովյան փողոցի կրպակազերծումը դարձավ: Այդ կապակցությամբ բնապահպանների բողոքի ակցիան շարունակվում է:





