AM
21 Փետրվար 2012 - 11:19 AMT

Մերուժան Տեր-Գուլանյանը կոչ է անում կրպակատերերին կամավոր հրաժարվել տաղավարներից

Մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը եկել է Մաշտոցի պուրակի ցուցարարների հետ հանդիպման: Նա նշում է, որ խնդրին ծանոթացել է մամուլից և եկել է սեփական աչքով տեսնելու՝ ինչ է կատարվում. «Առաջարկում եմ, որ կրպակատերերը հրաժարվեն այս տարածքներից, քանի որ քաղաքապետը հիմա ոչինչ անել չի կարող: Նա կապ չունի նախկին կառույցների պայմանագրերի հետ: Հիմա հնարավոր չի՞, որ այս մարդիկ հանուն Երևան քաղաքի հրաժարվեն այս կրպակներից: Քաղաքապետը ստիպված է թույլ տալ, քանի որ կրպակների տերերը պայմանագրեր ունեն: Եթե տաղավարը իմը լիներ, ես կհրաժարվեի՝ հանուն Երևանի: Պետք է կրպակատերերը հրաժարվեն, քաղաքապետը կապ չունի: Ես մեր քաղաքապետին շատ եմ հարգում»:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց կրպակատերերին կամավոր հրաժարվել տաղավարներից. «Ինձ թվում է` տերերն այն մարդիկ են, որ այս տաղավարներից բացի էլի «եսիմինչեր» ունեն: Թող կանգնեն ասեն՝ հանուն Երևան քաղաքի, հանուն բնապահպանության հրաժարվում եմ այս կրպակից»:

Ցուցարարներին Տեր-Գուլանյանի ասածները այդքան էլ իրատեսական չեն թվում և նրանք համաձայն չեն մտավորականի մտքերի հետ, թեև Մերուժան Տեր-Գուլանյանը նշում է, որ միանշանակ դեմ է Մաշտոցի պուրակում կրպակների կառուցմանը: Նա առաջարկում է սեփականատերերին ընդհանրապես այլընտրանք չորոնել և պայմանագրերից հրաժարվել: