2011 թվականին Արցախի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը, հանցատեսակների հիմնական մասի պարագայում, նվազել է: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաղորդում է, որ 2011-ին Հանրապետությունում գրանցվել է հանցագործության 368 դեպք՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 99-ով կամ 21 տոկոսով։
Վիճակագրական ցուցանիշները ներկայացրել են դատախազության պատասխանատուները՝ նշելով, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների 48, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 79, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 173, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 12, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 41 դեպք է գրանցվել։
Փոխարենը նշվել է, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 4 դեպքով, 4-ով աճել են սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2011-ին կազմելով 12 դեպք։ 1-ով նվազել են սպանության և 2-ով սպանության փորձի դեպքերը։ Բռնաբարության կամ դրա փորձի դեպք չի արձանագրվել։





