Մաշտոցի պուրակի ակտիվիստներին շարունակում են այցելել ու իրենց աջակցությունը հայտնել շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու մտավորականները: Այս անգամ նրանց այցելել է Վիոլետ Գրիգորյան. «Եթե կանգնած եմ երկաթից այս կողմ, ուրեմն դեմ եմ կրպակներին ու սատարում եմ կառուցման դեմ պայքարողներին: Եթե իշխանությունը հարգում է իր հասարակությանը, պետք է թույլ տա նրան արտահայտվել»:
Նրան հատկապես զայրացրել է գիշերային շինարարության փաստը. «Շատ տարօրինակ է, եթե իրենց թվում է, թե գիշերային կառուցապատմամբ կարող են այս կառույցների երկարակեցությունը ապահովել: Մենք ունենք մի կառավարություն, որ, փաստորեն, գիշերով դավեր է նյութում իր ժողովրդի դեմ: Պետք է պայքարենք, որ այգին բիզնես-կենտրոն չդառնա»:
Այս պահին ցուցարարները վերականգնում են իրենց սարքած ձնե տնակը. «Ուզում ենք ցույց տալ, որ եթե տնակը քանդվել է, դա չի նշանակում՝ մեր պայքարն ավարտված է»: Ցուցարարները նշում են, որ տնակը եղանակի պատճառով չի քանդվել: Նրանց մի մասը վստահ է՝ դա ոստիկանների ձեռքի գործն է: Ակտիվիստները շրջապատել են տնակը և վերականգնելուն զուգահեռ հայրենասիրական երգեր են երգում ու պարում:





