AM
12 Հունվար 2004 - 19:11 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՂՀ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել է վերջին շրջանում ԼՂՀ հետ շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈՒ) կենտրոնացման եւ առաջխաղացման մասին ադրբեջանական կողմի տարածած լուրերը: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ս.Օհանյանը հաղորդել է, որ հակառակորդը մի քանի անգամ ձեռնարկել է ղարաբաղյան բանակի թիկունք ներթափանցելու փորձեր, որոնք կասեցվել են ԼՂՀ ԶՈՒ գործողությունների շնորհիվ: Նախարարի խոսքերով, վերջերս սահմանամերձ միջադեպերի թիվն ավելացել է` հիմնականում դրանք փոխհրաձգություններ էին: Նա նշել է, որ շփման գծում որոշ միջադեպերից հնարավոր կլիներ խուսափել տվյալ հատվածի համար պատասխանատու երկու կողմերի հրամանատարների միջեւ կապի առկայության դեպքում: Սակայն, Օհանյանի խոսքերով, ադրբեջանական կողմը հրաժարվում է ղարաբաղյան կողմի հետ որեւէ շփումներից: