AM
22 Փետրվար 2012 - 07:24 AMT

Նուբարաշենում սպանել են 45-ամյա տղամարդուն

Փետրվարի 21-ին, ժամը 11.50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը` բռնության հետքերով:

Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ և բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին: Ապրոյանը ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: