AM
19 Հունվար 2004 - 14:14 AMT

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ

ԱՄՆ պետդեպարտամենտը իր հիասթափությունն է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չի կարողացել այցելել Բաքու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար, հաղորդում է Ամերիկային հայկական համագումարը (ԱՀՀ): Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները անցյալ շաբաթ խոչընդոտել են հայ զինվորականների ժամանումը Բաքու: Մինչդեռ, Ադրբեջանի նման գործողությունների առնչությամբ ԱՀՀ-ն հատուկ արշավ է սկսել, հասարակայնության լայն շրջանակների աջակցությունը ստանալու եւ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի իրենց բարեկամներին տագնապի ազդանշան ուղարկելու համար»: Եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել իր պարտականությունները որպես իր մոտ առաջիկա զորավարժությունները անցկացնող երկիր, ապա ՆԱՏՕ-ի ղեկավարությանը հարկ կլինի քննարկել զորավարժությունները մեկ այլ` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի սկզբունքներին հավատարիմ երկիում անցկացնելու մասին հարցը, հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարը: