AM
23 Փետրվար 2012 - 13:35 AMT

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին հյուրընկալեց խորհրդարանում իրենց ուսումնական պրակտիկան անցկացնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող մի խումբ ուսանողների:

Ողջունելով երիտասարդներին հանրապետության օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահի տեղակալը նկատեց, որ ակնկալում է սուր և բաց հարցեր, կառուցողական քննարկում:

Կարևորելով երիտասարդության դերը կյանքի բոլոր բնագավառներում` Շարմազանովը նրանց կոչ արեց իրենց գործունեության մեջ լինել առավելագույնս պատասխանատու և հիշել, որ երիտասարդությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է հասարակության շարժիչ ուժը, ներկան և ապագան:

Զրույցն ընթացավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում. ուսանողներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, վերջերս խորհրդարանում քննարկված մեծամասնական-համամասնական ընտրակարգերին, հասարակությանը հուզող գնաճին և դրա մեղմացմանն ուղղված քայլերին, տարվող հարկային վարչարարությանը և ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին, արտագաղթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Շարմազանովը մանրամասն անդրադարձավ հնչեցված հարցադրումներին, ներկայացրեց իր կարծիքն ու տեսակետները: