Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի տխրահռչակ նախագծի ընդունումից հետո ոստիկանական զորքերը կարող են դադարել գոյություն ունենալուց կամ փոխել կարգավիճակը:
«Հայկական ժամանակը» գրում է, որ նշված օրենքի ընդունումից հետո ՀՀ զինված ուժերը կարող են ներգրավվել ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես մասնակցել հատուկ օբյեկտների պաշտպանությանը: Իսկ դա նշանակում է, որ ոստիկանական զորքերի իմաստն ընդհանրապես վերանում է: Դրան զուգահեռ, պայմանավորված արտագաղթի ահագնացող տեմպերով` ՀՀ զինված ուժերի համալրումը օրեցօր ավելի բարդ խնդիր է դառնում: Ոստիկանական զորքերը նույնպես համալրվում են ժամկետային զորակոչով, և դրա վերացումը կնպաստի, որպեսզի զորակոչիկների մի ստվար զանգված` մի քանի հազար ժամկետային զինվոր գնա բանակ և ոչ թե ոստիկանական զորքեր:





