Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը անհնար է, հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը` մեկնաբանելով «Նովիե իզվեստիա» թերթի խնդրանքով Իլհամ Ալիեւի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման հնարավորության մասին: Նա ընդգծել է, որ ուժի կիրառման դեպքում իրավիճակը պայթյունավտանգ կդառնա, իսկ դրանում ոչ ոք շահագրգռված չէ, քանի որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը ցանկանում են դինամիկ զարգանալ: Քաղաքագետի խոսքերով, այդ հայտարարությունը նոր չէ եւ հայտնի բանաձեւի կրկնությունն է. գործնականում իրենց կազմում անջատողական հանրապետություններ ունեցող բոլոր երկրների ղեկավարները հայտարարում են, թե «մենք հակամարտությունը լուծելու ենք խաղաղ ճանապարհով, սակայն մեզ իրավունք ենք վերապահում նաեւ անել դա ռազմական ուղիով»: Այդպես է հայտարարում Վրաստանի ղեկավարությունը, այդպես է հայտարարում Չինաստանը Թայվանի պարագայում եւ շատ այլ երկրներ, նկատել է Սերգեյ Մարկովը: Սակայն չի բացառվում, ավելացրել է նա, որ Ալիեւի այս հայտարարությունն արվել է հասարակության ուշադրությունը այդ հարցի վրա բեւեռելու նպատակով: «Դա տագնապալի կլիներ: Իլհամ Ալիեւը ժողովրդականություն է որոնում, քանի որ ի հայտ են եկել առաջին հիմնախնդիրները իր իշխանության գալուց հետո», – եզրափակել է ռուս քաղաքագետը:





