AM
22 Հունվար 2004 - 17:24 AMT

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին եւ երկրի կառավարությունը պատրաստ են հրաժարական տալ: Այդ մասին, «Ռոյթեր» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ հայտարարել է Իրանի փոխնախագահ Ալի Աբտահին: Աղբյուրի համաձայն, որոշ նախարարներ արդեն հրաժարական են տվել: Ա.Աբտահիի խոսքերով, պատճառ է հանդիսացել «Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի» մերժումը գրանցելու ժողովրդավարական կուսակցությունների թեկնածուներին փետրվարի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: 8200 թեկնածուներից հեռացվել էր մոտավորապես կեսը, այդ թվում եւ ներկայիս գումարման 290 պատգամավորներից 80-ը: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին կոչ է արել «Պահապանների խորհրդին» վերանայել ընդունած որոշումը: Սակայն այդ կազմակերպության ներկայացուցիչները հրաժարվել են: Ինքը, Խաթամին իր առաջիկա հրաժարականի մասին հաղորդումները չի հաստատում: