Հունվարի 21-ին Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին հանձնեց Հայաստանի կողմից Եվրոպական սոցիալական վերանայված խարտիայի (ԵՍՎԽ) վավերացման մասին փաստաթուղթը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, վավերացնելով Խարտիան` Հայաստանը կատարեց կոնվենցիաների մասով Եվրոախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից վերջինը: ԵՍՎԽ-ի գլխավոր նպատակն է միջազգային մակարդակով երաշխիքներ սահմանել մարդու տնտեսական եւ սոցիալական հիմնական իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է աղքատության դեմ պաշտպանության եւ սոցիալական անպաշտպանվածության բացառման իրավունք, սահմանում է պայմանագրով կարգավորվող բոլոր ոլորտներում կնոջ եւ տղամարդու հավասարություն: Հայաստանում Խարտիան ուժի մեջ կմտնի 2004թ մարտից:





