Փետրվարի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի փորձարկում-շնորհանդեսը։
Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրով» (2010-2012 թթ.) նախատեսվեց ներդնել Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգ` հինգ նոր սեյսմիկ կայաններով, որոնք հագեցված կլինեն ժամանակակից թվային ինժեներային սեյսմոգրաֆներով:
Ստեղծվող համակարգը հնարավորություն կընձեռի սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ անմիջապես որոշել (իրական ժամանակում) երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ կգնահատվի Երևան քաղաքի տարբեր տեղամասերում երկրաշարժի ուժգնության ազդեցությունը, ինչն էլ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:





