«Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ բաց չթողնենք այն ժամանակահատվածը, երբ կայանում է ապագայի քաղաքացին»,- այսօր, ողջունելով Երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան կոնֆերանսի բացումը, նշեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ Արա Բաբլոյանը: Համաժողովը նպատակ ուներ մշակել ու խմբավորել երեխաների առաջարկություններն իրենց մասնակցության և իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ դրանք հետագայում ազգային օրենսդիր և գործարար մարմիններին ներկայացնելու նպատակով:
Համաժողովի մասնակից երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխաների համար» խմբերում: Ծրագրին մասնակցել է 1700 երեխա, մեծահասակների օգնությամբ ծրագրել ու կյանքի են կոչել 80 տարբեր ծրագրեր:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը նշեց, որ ծրագրի գաղափարը հիմնված է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիայի վրա: «Երբ երեխան չի մասնակցում իրեն իսկ վերաբերող խնդիրների լուծմանը, նա դառնում է անտարբեր»,- նշեց բանախոսը:
«Երեխաները այս ծրագրի շրջանակներում ցույց տվեցին, թե ինչքան ուժեղ են, և կարող են փոփոխություն մտցնել մեր հասարակության մեջ, և մեր խնդիրն է աջակցել նրանց այդ հարցում»,- իր հերթին նշեց Եվրամիության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդը:





