AM
28 Փետրվար 2012 - 13:48 AMT

Երևանում կայացան հայ-նորվեգական քաղաքական խորհրդակցություններ

Փետրվարի 28-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան` կողմերը քննարկեցին հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները և այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: