AM
31 Հունվար 2004 - 16:05 AMT

ԼՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի միջեւ, վերջինիս նախաձեռնությամբ: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների եւ խաղաղարար գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ: Հ.Թալվիթիեն ափսոսանք է հայտնել, որ ներկայիս այցելության հագեցած գրաֆիկի պատճառով չի կարողացել այցելել Ստեփանակերտ: Ընդ որում նա պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել նրա ղեկավարության հետ: