Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավոր բնակվում են Հայաստանում, մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում կարող են քվեարկել Երևանում ՌԴ դեսպանատանն ու Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում: Դեսպանը կարևորել է այդ ընտրությունները Ռուսաստանի ապագայի համար և կոչ է արել ՌԴ քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին: «Մենք ընկալում ենք այդ ընտրությունները որպես կարևոր քաղաքական ակցիա»,-ասել է նա:
Ըստ դեսպանի, մոտավոր տվյալներով Հայաստանում բնակվում է Ռուսաստանի մոտ 14 000 քաղաքացի: Նա նշել է, որ ընտրատարածքներում պատրաստված է մոտ 7000 քվեաթերթիկ: Կովալենկոն հայտնել է, որ 2011թ. դեկտեմբերին Պետդումայի ընտրություններին մասնակցել է ՌԴ 3,5 հազար քաղաքացի:
Դեսպանը հայտնել է, որ Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները ևս կարող են մասնակցել քվեարկությանը Գյումրիի գլխավոր հյուպատոսությունում: Ըստ նրա, Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչների համար տրանսպորտ կտրամադրվի: Առողջական խնդիրներ ունեցողների համար պատրաստված են շարժական քվեատուփեր:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ում օգտին է նա քվեարկելու՝ ՌԴ դեսպանն ասել է, որ կքվեարկի ամենաարժանի թեկնածուի օգտին՝ նշելով, որ ինքն իր հայացքներով պահպանողական մարդ է:





