AM
1 Մարտ 2012 - 09:33 AMT

«Բանակն իրականում» նախաձեռնություն. Մարտի 1-ի արյունալի իրադարձության հետևանքները չեն վերացվել

Չորս տարի առաջ այս օրը ուժով և արյամբ, սահմանադրական բոլոր նորմերի խախտմամբ և Զինված ուժերի օգտագործմամբ ճնշվեց նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքացիական ընդվզումը: Այս մասին ասվում է «Բանակն իրականում» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Չորս տարի անց այդ արյունալի իրադարձության հետևանքները չեն վերացվել: Եվ ոչ չորս տարի անց, ոչ էլ երբեւէ հնարավոր չի լինի վերականգնել այն տասը երիտասարդ կյանքերը, որ ընդհատվեցին Երեւանի կենտրոնում, ինչպես մարտադաշտում»,- ասում են հայտարարության հեղինակները:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը արձանագրում է իր հայտարարության մեջ, որ 2008 թվականից առ այսօր ոչինչ չի բացահայտվել, ոչ ոք չի պատժվել, իրավական գնահատական չի տրվել ու պարզապես բան չի փոխվել:

«Հասարակությունը մինչ այժմ չի ստացել վերոնշյալ հարցերի պատասխանը, որի հետևանքով ձևավորված անպատժելիության մթնոլորտը մնում է չհաղթահարված: Իրավական գնահատականների բացակայությունը չի կարող փոխարինվել իշխանությունների կողմից քաղաքական կամքի մասին բազմաթիվ հավաստիացումներով, քանի որ անպատժելիության մթնոլորտը հղի է հասարակության համար նորանոր վտանգներով: Ավելին հենց այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում օրինականացնել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի անվերահսկելի կիրառումը` չունենալով 2008 թ. մարտի 1ի դեպքերի իրավական գնահատականները»,- ասվում է հայտարարության մեջ: