Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ:
Դատախազությունից հայտնում են, որ 2012թ. փետրվարի 28-ին Երևան քաղաքի բնակչուհի Հերմինեն հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գևորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով և ոտքերով ծեծելով, ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:
Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաև մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առևանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով՝ վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: Սեռական շահագործման ենթարկված կնոջ անունը փոխված է:





