«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ ինքը մեծամասնական ընտրակարգով կարոդղ է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքից. «Քաղաքական խորհրդի վերջնական որոշման արդյունքում մենք կհրապարակենք այդ որոշումը, բայց ես վճռական եմ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հարցում»,- ասել է Բիշարյանը` հավելելով. «Ողջ համայնքը չի կարող լինել մի ընտանիքի սեփականություն»:
Թերթը հիշեցնում է, որ այստեղից 2007թ. պատգամավոր ընտրվեց Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), որը թեպետ ՀՀԿ անդամ չէր, բայց ՀՀԿ խմբակցության անդամ էր: Սակայն 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու, իսկ 2008թ. մարտի 1-ին էլ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար կալանավորվեց և զրկվեց մանդատից: Այս ընտրատարածքում տեղի ունեցան նոր ընտրություններ, և պատգամավոր ընտրվեց Կորյուն Նահապետյանը` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան: Ինքը` Ալեքսանյանն էլ Մալաթիա-Սեբաստիայի մյուս` թիվ 7 ընտրատարածքի պատգամավորն է:





