AM
2 Մարտ 2012 - 07:31 AMT

20 տարիներին «Հայաստան» հիմնադրամը 476 կմ ճանապարհ է կառուցել

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր հիմնադրման 20-ամյա հոբելյանը:

«Այս տարիներին է, որ, միմյանց հաջորդելով, կյանք են առել ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ ու գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ են ստացել Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր ու քաղաքներ, ուր բացվում են նոր ու լուսավոր ապագայի հեռանկարներ»,- նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը՝ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը և շարունակում է իր երթը զարգացում ապրող երկրի հետ միասին :

Այս տարիներին Հիմնադրամն իրագործել է ավելի 235 միլիոն դոլար արժողությամբ կենսական կարեւորության տարաբնույթ ծրագրեր:

Անցած 20 տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել կամ վերականգնվել են 476կմ ճանապարհ, 281 կմ ջրագիծ ու ջրատար, 144կմ գազատար, 230 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 40 հիվանդանոց ու բուժկետ, 24 սպորտային ու մշակութային կենտրոն, իրականացվել է 85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր: