AM
3 Մարտ 2012 - 06:36 AMT

«168 ժամ». ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորը կարող է համագործակցել «Ժառանգության» հետ

«Ժառանգություն» կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաև վերջերս «Օրինաց երկրից» դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաև խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի «Ժառանգության» պատգամավորների հետ:

«168 ժամը» գրում է, որ որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել «Ժառանգության» հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ստանալ «ժառանգության» աջակցությունը: Պատգամավորը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել «Ժառանգության» հետ իր համագործակցությունը` նշելով, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մարտի 15-ից հետո:

Ի դեպ, խոսակցություններ կային նաև, թե Բաղդասարյանը կարող է անդամակցել ԲՀԿ-ին, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է ԲՀԿ անդամ, Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Բաղդասարյանը, սակայն, բացառել է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը: