«Մուտքը գրքով» միջոցառման շրջանակում հավաքված գրքերը մարզեր կհասնեն նախատեսվածից մի փոքր ուշ:
Այսօր` մարտի 5-ին ՀՀ նկարիչների միությունից պետք է տեղի ունենար ակցիայի արդյունքում հավաքված գրականության բաշխումը 9 մարզերի սահմանամերձ 28 գրադարաններ: Սակայն ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը, երեկ տեղացած առատ ձյան պատճառով փակ են գյուղեր տանող ճանապարհները: Այժմ նախարարությունն ազատում է միության տարածքը գրքերից, որոնք էլ տեղափոխվում են ոչ հեռու գտնվող Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:
«Մուտքը գրքով» ակցիան տեղի ունեցավ փետրվարի 16-18-ը, որը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարությունը` «Ֆլեշմոբ դիվիզիա»-ի հետ համատեղ: Ակցիայի շրջանակում թանգարանների, թատրոնների և համերգասրահների մուտքն այդ օրը ոչ թե տոմսերով էր, այլ գրքերով: Միջոցառմանը մասնակցել է 20 թատերահամերգային հաստատություն, 29 թանգարան և 4 անհատ:
13552 անուն գրքերն ու ՀՀ մշակույթի նախարարության պետական պատվերով հրատարակած 10.000 միավոր գրականությունը բաշխվելու և ուղևորվելու են ՀՀ մարզեր:





