Այս տարի լրանում է Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակը: Այդ կապակցությամբ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Կրթության միջազգային ակադեմիայի աջակցությամբ այսօր տեղի ունեցավ կոնֆերանս – քննարկում: Կոնֆերանսին ներկա էին ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրվանդյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական Լիլիթ Թութխալյանը և այլք:
Լիլիթ Թութխալյանը ներկայացրեց ՄԱԿ-ի ընդհանուր գործունեությունը, դրա շրջանակներում միջազգային վեճերի կարգավորման գործընթացները, ՄԱԿ-ի ՀՀ Հազարամյակի ծրագրերը և այլ հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և այդ շրջանակներում վարած հակահայ քաղաքականությանը` մասնավորապես` Խոջալուի դեպքերի խեղաթյուրված ներկայացմանը` բանախոսը նշեց, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսել դրա համար, սակայն մինչ օրս որևէ լուրջ քայլ չի արել. «Դրանք միայն ամպագորգոռ և անհիմն հայտարարություններ են, որոնք մինչ օրս մեզ վնաս չեն հասցրել»:
Կոնֆերանսի շրջանակներում զեկույցներով հանդես եկավ նաև «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ի նախագահ Սերոբ Գևորգյանը, նույն ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Պետրոսյանը և այլք:





