AM
5 Մարտ 2012 - 12:15 AMT

ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք

ՄԱԿ-ի գրասենյակում այսօր բացվել է գենդերային հավասարության խթանմանն ու Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք: Հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Բադալյանի արվեստի գործերը գրավել են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց ուշադրությունը: Մարտիրոս Բադալյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, նրա նկարները ցուցադրվել են Բաքվում, Թբիլիսիում, Մինսկում, Մոսկվայում, Պիտսբուրգում և Ռիգայում:

Կանանց միջազգային օրը հիշատակվում է աշխարհի տարբեր երկրներում: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց հիշատակել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին` ճանաչելով կանանց ձեռքբերումները:

«Մենք ողջունում ենք պետության ջանքերը և փորձում բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես և Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումն է»,- ասել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Ցուցահանդես-վաճառքը հանրության համար բաց կլինի մինչև 2012թ. մարտի 28-ը, երկուշաբթիից ուրբաթ 15:00 -17:00: