Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը` այդ հիմնախնդրի համապարփակ լուծման, տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման, երկու ժողովուրդների բնականոն հարաբերությունների կայացման ամենաուղիղ ճանապարհն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանը` «Դե-ֆակտո» գործակալությանը մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի Լեռնային Ղարաբաղի եւ Արեւելյան Թիմորի միջեւ զուգահեռներ անցկացնելու փաստը: Արեւելյան Թիմորի հիշատակումը, Թ.Մարգարյանի կարծիքով, դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ դրա իրացման ճանապարհով հակամարտության կարգավորման ուսանելի օրինակ է: Նրա խոսքերով` միայն վերջին տասնամյակում այս տարբերակն ընտրվել է ոչ միայն Արեւելյան Թիմորի, այլեւ Հյուսիսային Իռլանդիայի, Հարավային Սուդանի, Սերբիա-Մոնտենեգրոյի, Քվեբեկի, Պուերտո Ռիկոյի եւ այլ հակամարտությունների համար: Այս բոլոր օրինակները հանդիսանում են այն բանի ապացույցը, հայտարարել է փոխնախարարը, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրության իրավունքի ճանաչումը բնավ չպետք է մեկնաբանվի որպես հարված ադրբեջանցիների արժանապատվությանը: Ավելին` հենց սա է երկու ժողովուրդների իրական զարգացման եւ բարգավաճման ուղին, գտնում է նա: Ինչ վերաբերում է Տրուբնիկովի կողմից առաջարկված այն դրույթին, թե բանակցությունների ձեւաչափը պետք է ընդլայնվի, որպեսզի գործընթացի մեջ ներգրավվեն «Լեռնային Ղարաբաղի հայերն ու ադրբեջանցիները», ապա Մարգարյանի կարծիքով` ղարաբաղյան կողմի մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում բանակցություններին քննարկման առարկա չէ: Նորություն չէ, որ հակամարտող կողմեր հանդիսանում են Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, ինչն ամրագրված է մի շարք փաստաթղթերում, մասնավորապես, 1992 թ. Հելսինկիում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման, ԵԱՀԿ Բուդապեշտի 1994թ. գագաթաժողովի, ինչպես նաեւ 1995թ. ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց Կոմիտեի որոշումներում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությանը, փոխնախարարն ասել է, որ հնարավոր է նրանց ներգրավումը իրենց անմիջականորեն վերաբերող խնդիրների շրջանակում:





