Ըստ լավատեղյակ աղբյուրների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ձերբազատվել կուսակցության Աժ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանից:
Պատիժը դրսետրվելու է այն կերպ, որ Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակի ոչ առաջին և ոչ էլ երկրորդ տասնյակում տեղ չի զբաղեցնելու: Նա, ըստ որոշ տեղեկությունների, հաջորդ Աժ ԲՀԿ ցուցակով չի անցնելու:
Երեկ, երբ «Հայկական ժամանակի» թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանից, նա պատասխանել է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը դեռ քննարկման փուլում է:
Բոստանջյանի հետ զրուցել թղթակցին չի հաջողվել, վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում և տևական ժամանակ է` ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանը վաղուց արդեն դադարել է Բոստանջյանին վստահել, իսկ ԲՀԿ-ում և ԲՀԿ-ամերձ շրջանակներում Բոստանջյանին համարում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ականը` ԲՀԿ-ի ներսում:





