AM
6 Մարտ 2012 - 11:31 AMT

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հինգերորդ նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաստատված օրակարգի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ստուգումների տարեկան ծրագրի ամփոփ տարբերակը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում: Արծարծվել են 2011 թ. հունիսի 23-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանն առնչվող հարցեր: Վարչապետը հանձնարարել է մշակել ու հաջորդ նիստին ներկայացնել նշված օրենքում ծագած խնդիրների լուծման նախագիծ և ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձև:

Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել տվյալների էլեկտրոնային փոխանակման միասնական համակարգի մշակման առաջարկությանը: Ամփոփելով հնչեցված դիտողությունները` կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչև 2012 թ. սեպտեմբերի 1-ը մշակել և խորհրդի քննարկմանը ներկայացնել համակարգի գործառնությանտեխնիկական առաջադրանքը:

Հաջորդիվ զեկուցվել է Աշխատանքի պետական տեսչության ստուգաթերթի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների վերաբերյալ: Նշվել է, որարդյունքում ստուգաթերթերի հարցերը վերախմբագրվել են, և լրամշակված նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Մեկ այլ հարցով հավանություն է տրվելՀրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվող ստուգումների համար մշակված ստուգաթերթերի 12 նախագծերին և տնտեսվարող սուբյեկտների մոտ փորձարկման փուլն սկսելու առաջարկին:

Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված փորձարկումը նախադեպ դարձնել մնացածբոլոր տեսչությունների համար և ստուգումներն սկսել պետական մարմիններից: Հանձնարարական է տրվել նաև տեսչություններին` մշակել և հրապարակել ստուգաթերթերի կիրառման ուղեցույց և տնտեսավարողի մոտ օրենքով պահանջվող փաստաթղթերի օրինակելի ձևերը: