Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը փետրվարի 21-ին կքննարկեն հանրապետությունում իշխող կոալիցիայի եւ ընդդիմության համագործակցության հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ որոշումը կայացվել էր ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Ինչպես լրագրողներին հաղորդել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, առաջիկա քննարկումները հատուկ կարեւոր են փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող Թերրի Դեւիսի տարածաշրջան կատարելիք այցի տեսանկյունից: Նրա խոսքերով, խորհրդատվությունների ընթացքում բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ իրենց հավատարմությունը հաստատել ԼՂՀ վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ 2001 թվականին ընդունված հայտարարությունում աջակցություն է հայտնվում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երեւանի երեք հիմնական սկզբունքներին` Լեռնային Ղարաբաղի անկլավի բացառում, նրա ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովում եւ Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ ուղղահայաց հարաբերությունների բացառում:





