AM
16 Փետրվար 2004 - 14:09 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն գրավոր հարցում Է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին` Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում Վաշինգտոնի կողմից հավասարության խախտման առնչությամբ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), հարցումը ուղարկվել է Քոլին Փաուելի մասնակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք բյուջետային լսումների կապակցությամբ: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ջ. Բուշի վարչակազմի ներկայացրած 2005 թվականի ԱՄՆ բյուջեի նախագծով ռազմական օգնության չափը Ադրբեջանին չորս անգամ գերազանցում է Հայաստանին հատկացվելիք համապատասխան օգնության գումարը: Իր ուղերձում Գ.Նապոլիտանոն հետաքրքրվել է, թե օգնության չափերի նման տարբերությունը չի խախտում արդյոք Վաշինգտոնի վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ 2002 թվականի պայմանավորվածությունը այդ երկու երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում հավասարության սկզբունքը պահպանելու վերաբերյալ: Բացի այդ անցած շաբաթ ԱՀՀ-ն նամակներ Էր ուղարկել Կոնգրեսի «հայկական խմբի» 128 անդամներին` հորդորելով նրանց վերացնել Ադրբեջանին եւ Հայաստանին տրվելիք ռազմական օգնության անհավասարությունը: