AM
7 Մարտ 2012 - 16:08 AMT

ԵԺԿ-ն կօգնի Հայաստանին միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու գործում

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ, հաղորդում է ՀՀԿ մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու, նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները քննարկելու համար:

Հանրապետության ղեկավարը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԵԺԿ-ին հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցության գործում պարոն Մարտենսի անձնական աջակցության համար` նշելով, որ համաեվրոպական մեծ ժողովրդավարություն վայելող ԵԺԿ-ին անդամակցելը հայաստանյան կուսակցությունների համար եվրոպական քաղաքական դաշտին լիարժեք ինտեգրման գործում մեծ խթան կհանդիսանա:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ երկխոսությանը, մի շարք ուղղություններով եվրոպական կառույցների հետ հաջողությամբ իրականացվող համագործակցությանն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, իր բրյուսելյան աշխատանքային այցի արդյունքներին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել ընտրությունները եվրոպական չափանիշներին հարիր անցկացման հարցում ԵԺԿ-ի հարուստ փորձի օգտագործման և խորհրդատվական աջակցության վերաբերյալ: