AM
17 Փետրվար 2004 - 15:45 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱՅԻ» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է փետրվարի 13-ին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայում» տպագրված «Ցեյտնոտ Հայաստանի խորհրդարանում» հոդվածում բերված տեղեկությունները: Հոդվածի համաձայն` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փորձել է Մոսկվայում աջակցության երաշխիքներ ստանալ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից` երկրում ներքաղաքական իրավիճակի սրման դեպքում: Հայաստանյան մամուլում վերոհիշյալ հոդվածի վերատպվելու առնչությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դեսպանությունը հիշեցրել է, որ երկկողմ պայմանագրի համաձայն, ռուսաստանյան ռազմակայանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին: Հոդվածի հեղինակների հորինված նյութերի տարածումը ռուս-հայկական համագործակցության խզմանն ուղղված բացահայտ սադրանք է, ասվում է ՌԴ դեսպանության հայտարարությունում: