2003 թվականի ֆիսկալ տարում ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրագործվող ծրագրերի համար հատկացրել է 106,5 մլն դոլար: Այդ գումարը բաշխվել հետեւյալ 5 ուղղություններով. ժողովրդավարական բարեփոխումների անցկացման համար հատկացվել է 22,4 մլն դոլար, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների համար` 48,4 մլն դոլար, իրավակարգի եւ անվտանգության համակարգի բարելավման համար` 18,4 մլն դոլար, հումանիտար օգնության գծով` 7,1 մլն դոլար, կառավարման զարգացման ծրագրերի համար` 11,8 մլն դոլար: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, անվտանգության ծրագրերին ուղղված օգնությունը, որը, մասնավորապես, վերաբերվում էր արտահանման վերահսկմանը եւ սահմանների պաշտպանությանը, ուղղված էր զենքի ապօրինի տարածումը եւ տեղափոխումը կանխելու Հայաստանի հնարավորության բարելավմանը, ինչպես նաեւ` հայ մաքսային աշխատողների եւ սահմանապահների ուսուցմանը: Բացի այդ ԱՄՆ-ն աջակցել է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը եւ ռադիոակտիվ նյութերի տարածման սպառնալիքի կանխարգելմանը: Ռազմական ֆինանսավորման, միջազգային ռազմական կրթության գծով ծրագրերը կենտրոնացվել են հայ զինծառայողների մասնագիտական պատրաստվածության ապահովման, հայ բանակի խաղաղապահ ուժերի զարգացման եւ կապի միջոցների արդիականացման վրա: Այդ ծրագրերը, ԱՄՆ կառավարության համաձայն, ուղղված են տարածաշրջանում համագործակցության եւ կայունության հաստատմանը:





