2004 թվականի սկզբից Լեռնային Ղարաբաղում չորս մարդ է զոհվել հակատանկային եւ հակահետեւակային ականների պայթյունից: Վերլուծելով այդ դեպքերը, որոնք մասնավորապես տեղի են ունեցել Նոր Մարագա եւ Վազգենաշեն գյուղերի մոտակայքում հունվարի երկրորդ կեսին, Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող «The HALO Trust» բրիտանական մարդասիրական կազմակերպությունը որոշել է ակտիվացնել իր գործունեությունն ականային վտանգի մասին գյուղական բնակչությանը տեղեկացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, կազմակերպության փորձագետները այդ պատահարները կապում են գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման եւ անվտանգության կանոնները չպահպանելու հետ: 2003 թվականին ԼՂՀ-ում արձանագրվել էր ականների պայթյունի 18 դեպք, որի արդյունքում տուժել է 21 մարդ, որոնցից 9 մահացել են, 12-ը (նրանցից երկուսը երեխաներ) ստացել վնասվածքներ: Լեռնային Ղարաբաղի վերջնական ականազերծումը նախատեսվում է ավարտել 7 տարում:





