ՆԱՏՕ-ի ղեկավարությունը քննարկում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այս տարի աշնանը Ադրբեջանում նախատեսված «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների անցկացման տեղը փոխելու հարցը: Այդ մասին ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել է Բրյուսելում իրազեկ աղբյուրը: Աղբյուրի համաձայն` զորավարժությունների անցկացման տեղի վերանայումը կապված է նախօրեին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինվորականի գազանաբար սպանության, ինչպես նաեւ վերջերս Բաքվում անցկացված զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը Ադրբեջանի իշխանությունների կողմից
խոընդոտելու հետ: Նշենք, որ երեկ Բենիլյուքսի երկրներում եւ համատեղման կարգով ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը ՆԱՏՕ-ի ղեկավարությանն է հանձնել ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարությունը: Այսօր նախատեսված է դեսպանի հանդիպումը Հյուսիսատլանտյան դաշինքի այլ բարձրաստիճան անձանց հետ, հնարավոր է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Շեֆերի հետ:





