Ադրբեջանի ԱԳՆ այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ափսոսանք է հայտնել Բուդապեշտում հայ զինվորականի սպանության առնչությամբ եւ ցավակցություն է հայտնել զոհվածի գործընկերներին ու ընտանիքին: «Սպանության կասկածանքով ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը 1993 թվականին հայերի կողմից գրավված Ջաբրաիլի շրջանի փախստականների ընտանիքից է»,- ասվում է հայտարարությունում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ «որոշ տեղեկությունների»` «հայ զինծառայողը բազմիցս Ադրբեջանի քաղաքացու եւ սպայի պատիվն ու արժանապատվությունը խոցող, հայկական ագրեսիայի զոհերի հիշատակը վիրավորող հայտարարություններ է թույլ տվել»: Այդ ամենը, Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով, չէր կարող չանդրադառնալ Ռամիլ Սաֆարովի հուզական վիճակի վրա: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական կողմը կոչ է արել Հայաստանին խուսափել Ադրբեջանի պետության եւ ժողովրդի հասցեին մեղադրական հայտարարություններից ու գնահատականներից: «Չի կարելի թույլ տալ, որպեսզի Բուդապեշտում տեղի ունեցած միջադեպը դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանց այդ էլ բարդ հարաբերությունների խորացման կատալիզատոր: Տեղի ունեցածը մեկ անգամ եւս հաստատում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջազգային հանրության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»-, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:





