AM
12 Մարտ 2012 - 12:41 AMT

Վճարվել են սոցփաթեթով առողջության ապահովագրության առաջին հատուցումները

Մարտի 12-ի դրությամբ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը բավարարել է սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության հիվանդանոցային բուժօգնության հատուցման առաջին երկու հայտերը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հատուցման գումարը կազմել է ավելի քան 500.000 դրամ, որը ձևավորվել էր միջին ծանրության երկու վիրահատությունների արդյունքում:

Ըստ ընկերության բժշկական ծառայության տվյալների` վիրահատված երկու քաղաքացիներն իրենց շատ լավ են զգում և բարձր են գնահատում սոցիալական փաթեթի ծրագրի կարևորությունը:

Քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել նաև ցուցաբերված բժշկական որակյալ օգնության և բարյացկամ վերաբերմունքի համար:

Բացի այս սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում «ՌԵՍՈ»-ն արդեն իսկ սպասարկել է ավելի քան 4 տասնյակ արտահիվանդանոցային հայտեր:

«ՌԵՍՈ» ընկերությունը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերի կնքման մասին տեղեկացրել էր սույն թվականի փետրվարի 14-ին:

Հիշեցնենք նաև, որ ընկերությունը ՀՀ կառավարութան կողմից մշակված սոցիալական ծրագրի բազային փաթեթին կից մատչելի պայմաններով առաջարկում է նաև հավելյալ ծածկույթներ`

• արտահիվանդանոցային օգնության տրամադրում` 25.000 դրամ

• արտահիվանդանոցային բուժ.սպասարկման դեղորայքային ապահովում` 15.000 դրամ

• առողջ ատամ` 15.000 դրամ

• ամբողջական փաթեթ` 45.000 դրամ

• ամբողջական էքսքլյուզիվ` 80.000 դրամ:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷՔՍՔԼՅՈՒԶԻՎ ծածկույթը նորույթ է, որն իրականացվում է «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ. այն իր մեջ ներառում է «Արտահիվանդանոցային օգնության տրամադրում», «Արտահիվանդանոցային սպասարկման դեղորայքային ապահովում» և «Առողջ ատամ» ծածկույթներում ընդգրկված բոլոր ծառայությունները: Այսինքն, ապահովագրված անձը ստանում է անսահմանափակ անբուլատոր սպասարկման և ստացիոնար բուժման հնարավորություն «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնի բարձրակարգ պայմաններում, այդ թվում նաև հիվանդասենյակի տրամադրում, սնունդ, ինչպես նաև կորոնար անոթների դեղապատ ստենտի ստենտավորում: