AM
23 Փետրվար 2004 - 19:00 AMT

ԼՂՀ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղում հերքում են ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ադրբեջանի տարածքում հայկական հեռուստահաղորդումների հեռարձակման վերաբերյալ: Նախօրեին ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալությունը հաղորդել էր, թե մի քանի օր առաջ Ադրբեջանի Օգուզի շրջանի տարածքում «ավելի վաղ Ադրբեջանին պատկանող հաղորդիչի գործարկման արդյունքում» սկսվել է հայերեն լեզվով ծրագրերի հեռարձակումը: «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկատվությունը` «Արցախկապ» ընկերության տնօրեն Սուրեն Միրզոյանը նշել է, որ օրերս Շուշիում իսկապես գործարկվել է փոքր հզորության հաղորդիչ` ԼՂՀ Ասկերանի շրջանում ծրագրերի հեռարձակման նպատակով: Սակայն, նա ապատեղեկատվություն է անվանել ադրեբեջանական ANS հեռուստաալիքի հաճախականությամբ հաղորդումների կանխամտածված հեռարձակման մեղադրանքները, ինչպես նաեւ այն հավաստումները, թե հաղորդիչն ավելի վաղ պատկանել է Ադրբեջանին: «Մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմի հետ քննարկել մեր աշխատանքին վերաբերող ցանկացած վիճելի հարց»,- հայտարարել է Միրզոյանը` ավելացնելով, թե լավ կլիներ, որ ադրբեջանցիները, նախքան աղմուկ բարձրացնելը, քննարկեին խնդիրը իրենց հետ: