ՆԱՏՕ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար դեսպան Վիգեն Չիտեչյանը նախօրեին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դո Հուպ Շեֆերին է հանձնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի նամակը` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ ադրբեջանցի սպայի կողմից հայ զինծառայողի սպանության առնչությամբ: Նամակում վրդովմունք է արտահայտված այդ բարբարոսական ոճրի կապակցությամբ, որը Հայաստանում ցնցում եւ զայրույթի ալիք է առաջացրել: Նախարարի խոսքերով` նման արարքը «դժբախտաբար, սպասելի էր, որպես Ադրբեջանի նոր եւ հին իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների հետեւանք: Ցավալի է, սակայն նման քաղաքականությունը պահպանվել է եւ նոր խթան ստացել Ադրբեջանի նոր նախագահի օրոք»: Ինչպես ընդգծվում է նամակում, «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրը» Հայաստանը մշտապես դիտարկել է որպես բազմաթիվ երեւույթների, այդ թվում նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար արդյունավետ ձեւ»: Այնուամենայնիվ, «մեր մոտեցումը Գործընկերությանը Ադրբեջանի կողմից փոխադարձության չարժանացավ` նույնիսկ մինչեւ այս աննախադեպ արարքը»: Նամակում նախարարը նշում է, որ «չի եղել Ծրագրի որեւէ միջոցառում, որը պաշտոնական Բաքվի կողմից չօգտագործվեր հակահայկական կոպիտ քարոզչություն եւ հիստերիա սանձազերծելու նպատակով»: ՀՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն` Վ.Չիտեչյանի հետ հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է այդ հանցագործությունը եւ խնդրել դեսպանին անկեղծ ցավակցանքներ հաղորդել զոհված սպայի ընտանիքին: Կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:





